30 ապրիլի 2018 - 17:20 AMT
Մոսկվայի հայկական եկեղեցին դռները չի փակել հավաքի մասնակիցների առաջ

Մոսկվայի հայկական եկեղեցին հերքել է շրջանառվող այն լուրերը, թե իբր եկեղեցու դռները փակվել են ապրիլի 22-ի հավաքի մասնակիցների առաջ: Որպես ապացույց եկեղեցին ներկայացրել է մուտքերի տեսախցիկների տեսագրությունները:

Եկեղեցու տարածված հայտարարության մեջ, որը տեղադրվել է ֆեյսբուքյան էջում, մասնավորապես ասվում է. «Ի պատասխան այն շահարկումների, թե կիրակի օրը՝ ապրիլի 22-ի երեկոյան, Մոսկվայի հայկական եկեղեցու դռները փակվել են հավաքի մասնակիցների առաջ, ներկայացնում ենք նույն օրվա ժամը 18․00-20.00-ն ընկած ժամանակահատվածում Մայր տաճարի մուտքերի տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է մարդկանց ազատ ելք ու մուտքը»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ եկեղեցին, որն, ըստ աշխատանքային գրաֆիկի, փակվում է ժամը 19.00-ին, այդ օրը բաց է եղել այնքան ժամանակ, քանի դեռ այցելու է ունեցել։

Ապրիլի 22-ին Մոսկվայի հայկական եկեղեցու հարակից տարածքում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության կազմակերպված ցույցի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ հայ ակտիվիստների: Լուրեր էին շրջանառվում, թե ցույցի ժամանակ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, որը Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրն է, ոստիկանություն է կանչել: Ասում էին, թե ցուցարարները, տեսնելով ոստիկաններին, փորձել են մտնել եկեղեցի, բայց եկեղեցու դռները փակվել են: