3 ապրիլի 2008 - 17:38 AMT
Հայաստանի նորընտիր նախագահը Բուխարեստում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Այսօր Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովի շրջանակներում Բուխարեստում ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ժամանակ ընդհանուր գնահատական է տրվել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ներկա վիճակին: Համանախագահները ներկայացրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երեկվա հանդիպման արդյունքները: Սերժ Սարգսյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դիվանագիտական քայլերի եւ վերջին շրջանում ադրբեջանաղարաբաղյան սահմանագծում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ եւ վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ այսօր բանակցային սեղանին դրված փաստաթղթի հիման վրա լուծելու գործում: Անդրադարձ է եղել նաեւ հակամարտության կարգավորման գործընթացի հնարավոր հետագա շարունակությանը: Հանդիպումից հետո լրագրողների հետ կիսելով տպավորությունները, ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն ասել է, թե գործընթացի վերաբերյալ ավելի որոշակի իր տպավորությունները կհայտնի, երբ առիթ լինի հանդիպել բանակցող մյուս կողմի հետ: Ըստ նրա, համենայն դեպս համանախագահները լավատես են եւ կարծում է, որ իրենց տեսակետից նրանք հիմք ունեն լավատեսության: Պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է լինել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման այդպիսի հնարավորություն, Սերժ Սարգսյանը նշել է, թե ինքն արդեն ասել է, որ դեմ չի լինի հանդիպել որեւէ համաժողովի շրջանակներում, եթե նման ցանկություն մյուս կողմը հայտնի, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: