1 մայիսի 2018 - 12:41 AMT
Շարմազանով. «Համոզվեցի, որ Փաշինյանը վարչապետ չի կարող լինել»

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ապրիլի 30-ի հանդիպումը ՀՀԿ խմբակցության անդամների հետ և հնչեցրած դիրքորոշումները համոզիչ չեն եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար:

«Քննարկումներում համոզվեցի, որ պարոն Փաշինյանը վարչապետ չի կարող լինել», - ասել է Շարմազանովը լրագրողներին ԱԺ հատուկ նիստի մեկնարկից առաջ:

ՀՀԿ խոսնակը հավելել է նաև, որ խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել:Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է նաև Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Բաղդասարյանը հայտնել է, որ ԱԺ Հանրապետական կուսակցությունն ապրիլի 30-ի գիշերը հրավիրել է Գործադիր մարմնի, այնուհետև խմբակցության նիստ, որի ընթացքում որոշվել է` մայիսի 1-ի առավոտյան կլսեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը, կուղղեն հարցեր թեկնածուին, հետո միայն խմբակցությունը միաձայն որոշում կկայացնի:

Մայիսի լույս 1-ի գիշերը հեռարձակված տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե տեղեկություն է ստացել, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված Հանրապետականի Գործկոմի նիստում որոշվել է տապալել վարչապետի ընտրությունը։

Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետա այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չի հայտնել։