1 մայիսի 2018 - 20:40 AMT
ՀՅԴ-ն պահանջել է Աղվան Վարդանյանից վայր դնել մանդատը

ՀՅԴ Գերագույն Մարմինը պահանջել է պատգամավոր, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից վայր դնել պատգամավորական մանդատը։

«Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը», - ասված է կուսակցության Հայաստանի ԳՄ տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին: «Հակառակ պարագայում խախտած կլինեմ խղճով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը», - նշել է նա։ Վարդանյանն ասաց, որ եթե ՀՅԴ-ն պահանջի, պատրաստ է վայր դնել մանդատը։ «Խմբակցությունս որոշել է քվեարկել Փաշինյանի օգտին, բայց ես չեմ քվեարկելու: Եթե կուսակցությունս պահանջի՝ պատրաստ եմ վայր դնել մանդատս»,- ասաց նա: