2 մայիսի 2018 - 17:52 AMT
Բակո Սահակյանը ՊԲ հրամկազմի հետ քննարկել է իրավիճակը շփման գծում

Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ղեկավարությամբ պաշտպանության բանակի շտաբում հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն՝ ՊԲ հրամանատարական կազմի և շտաբի բաժինների ու ծառայությունների պետերի մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու բանակաշինությանը վերաբերող հարցեր, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 30-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն հանգստյան օրերին հաստատված հարաբերական հանգիստ իրադրության, կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև մայիսի 1-ին: Այդ մասին ասվում է Արցախի ՊՆ հայտարարության մեջ: