3 մայիսի 2018 - 10:13 AMT
ՀՀ նախագահը խորհրդակցություններ է սկսել ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցություններ է սկսել Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպումների նպատակն է երկրում ստեղծված իրավիճակը քննարկել և լուծումներ գտնել, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մայիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Արմեն Սարգսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում:

ՀՀԿ-ն մինչ որոշում կայացնելը հանդիպում էր անցկացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Մայիսի 1-ին կուսակցությունը տապալել էր վարչապետի ընտրությունները՝ դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։