BBC-ին 6 հետաքրքրական փաստ է հրապարակել Հայաստանի մասին, որտեղ վերջին երկու շաբաթվա իրադարձությունները դարձել են միջազգային ԶԼՄ-ների գլխավոր նորություններից մեկը: «Հայաստանը մշտապես ԶԼՄ-ների գլխագրերում է բողոքի զանգվածային ակցիաների պատճառով: Իսկ ի՞նչ գիտեք հարավկովկասյան այդ նախկին խորհրդային հանրապետության մասին»,-գրում է պարբերականը:
1. Աշխարհում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում
Հայաստանը մոտ 3 մլն բնակչություն ունի, իսկ աշխարհում մի քանի միլիոնով ավելի շատ հայ է ապրում: Ամենամեծ հայկական համայնքները գործում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում:
2. Արարատը՝ երկրի խորհրդանիշ
Պարբերականը նշում է, որ Արարատ լեռը Հայաստանի խորհրդանիշն է, թեև գտնվում է երկրի սահմաններից դուրս, Թուրքիայում:
Արարատի ձյունածածկ գագաթները պարզ եղանակին գերիշխում են մայրաքաղաք Երևանի երկնակամարում: Հեղինակը հիշեցնում է, որ Արարատը հայտնի է որպես վայր, որտեղ ջրհեղեղից հետո ապաստանել է նախահայր Նոյը:
3. Հայաստանը քրիստոնեությունը որպես կրոն ընդունած առաջին երկիրն է
Հայաստանն առաջին երկիրն էր, որը որպես պետական կրոն ընդունել է քրիստոնեությունը 4-րդ դարի սկզբում, իսկ Հայ Առաքելական եկեղեցին առանձնանում է աշխարհի մյուս քրիստոնյա եկեղեցներից:
4. Շախմատի ուսուցւոմը պարտադիր է
Հեղինակավոր պարբերականի ուշադրությունը գրավել է ևս մեկ առանձնահատկություն՝ շախմատի պարտադիր ուսուցումը:
Նշվում է, որ 2011-ից 6-8 տարեկան բոլոր երեխաները պարտադիր մասնակցում են շախմատի դասերին, իսկ Հայաստանը բազմաթիվ գրոսմայստերներ է տվել աշխարհին և ավելի քան 3000 շախմատի ուսուցիչ ունի:
5 Հայաստանը հպարտանում է իր կոնյակով
Պարբերականը պատմում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը որպես նվեր հայկական կոնյակ է ուղարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին: Տարիներ անց, 2013-ին նույն կերպ է վարվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայկական կոնյակ ուղարկելով Դևիդ Քեմերոնին:
6. Բազում հայտնի մարդիկ հայկական արմատներ ունեն
Որպես վերոնշյալ փաստի ապացույց պարբերականը նշում է հայկական ծագում ունեցող մարդկանց՝ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրին, ռուսաստանցի շախմատիստ Գարիի Կասպարովին, հայտնի ամերիկացի երգչուհի Շերին և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, որը նույնիսկ իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ընթացող բողոքի ցույցերին: