
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից սադրիչ նպատակներ հետապնդող տեղեկությունը քաղաքացիական տեխնիկան գնդակոծելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Մայիսի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվությունն, ըստ որի հայկական ուժերն անցած գիշեր գնդակոծել են Աղդամի շրջանի Ջամանլը ճակատամերձ գյուղի մոտակայքում վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնող խաղաղ քաղաքացիների տեխնիկան՝ վնասելով այն:
Նախարարությունը հիշեցնում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբևէ չեն թիրախավորել և չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Արցախի զինված ուժերը շարունակում են հավատարիմ մնալ շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ապրիլի 30-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն հանգստյան օրերին հաստատված հարաբերական հանգիստ իրադրության, կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև մայիսի 1-ին: