3 մայիսի 2018 - 16:06 AMT
HSBC-ի վրա հարձակվողը ոստիկանության գնդապետ է

HSBC բանկի` Կոմիտասի մասնաճյուղի վրա հարձակում գործած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է: Այդ մասին ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել՝ հարձակվող անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:

Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել: Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:

Դեպքի հանագամանքները պարզվում են:Կատարվում է քննություն: