Թեև մայիսի 8-ին վարչապետի ընտրություններին ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին աջակցելու վերաբերյալ քաղաքական հայտարարություններ հնչել են, մինչև ընտրության փաստը չարձանագվի, վերջնական արդյունքի մասին խոսել վաղ է։
Այս մասին է հայտարարել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութոււմ։
Որպես օրինակ նա բերել է այն փաստը, որ ՀՅԴ-ն ասել էր, թե կողմ է քվեարկելու, սակայն պատգամավոր Աղվան Վարդանյանը որոշել էր շեղվել ֆրակցիայի որոշումից։
«Չեմ բացառում, որ ինչ-ինչ դրդապատճառներով ընդդիմադիր ուժեր էլ փորձեն ներգրավվել հակահեղափոխական գործընթացին, ու մենք պետք է պատրաստ լինենք շատ արագ գործենք մեր հաղթանակն ամրագրելու համար», - ասել է Փաշինյանը՝ պնդելով, որ պրոցեսի ճնապարհին կանգնած ցանկացած ուժ «ոչնչացվելու և ինքնաոչնչացվելու է»։
«Ցանկացած պահին կարող է իրավիճակ փոխվել ու պիտի պատրաստ լինենք ամրագրել մեր հաղթանակը», - նշել է Փաշինյանն, ասելով, որ «հակահեղափոխությունը քնած չէ»։
«Չի բացառվում, որ ցանկացած պահին կոչ անենք ձեզ դուրս գալ փողոց ու շրջափակել բոլոր հնարավոր փողոցները, թաղամասերը և այլն․․․ որևէ մեկը չպիտի իլյուզիա ունենա, որ կոռումպացված համակարգը հեշտ հանձնվելու է», - ընդգծել է վարչապետի թեկնածուն։
Վարչապետի ընտրությունները կկայանան մայիսի 8-ին։