5 մայիսի 2018 - 12:04 AMT
ՊԵԿ. Հիպոթեքի %-ի մարմանն ուղղվող եկամտահարկի ծրագրի մասնակիցների թիվը 65%-ով աճել է

2018-ի հունվար-ապրիլ ամիսներին աճել են ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Եռամսյակի ավարտին գործընթացում ներգրավված է եղել 2710 շահառու՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի՝ 1638-ի դիմաց կամ թիվն աճել է 65 տոկոսով:

Բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին վարկառուներին (համավարկառուներին) է վերադարձվել վճարված եկամտային հարկի 885.679 000 դրամ գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (501.003,2 հազար դրամ) գերազանցել է 384. 676 000 դրամով կամ 76,8%-ով, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Իսկ 2018-ի ապրիլին վերադարձվել է 102 միլիոն 21 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 28 միլիոն 529 հազար դրամով կամ 38.7 տոկոսով: