8 մայիսի 2018 - 13:42 AMT
Փաշինյան. Բանակցությունները չեն կարող լիարժեք համարվել առանց Արցախի մասնակցության

Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները չեն կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Ացախի ղեկավարությունը: Այդ մասին Ազգային ժողովի հատուկ նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն՝ անդրառնալով ԼՂ հիմնախնդրին:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում պատրաստ եմ բանակցելու Ադրբեջանի նախագահի հետ՝ որպես հիմք ունենալով մեր սկզբունքային դիրքորոշումը: Ընդգծեմ՝ բանակցությունները չեն կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Ացախի ղեկավարությունը, ինչը նախատեսված է»,- ասաց նա:

Անդրադառնալով բանակաշինությանը, Փաշինյանն ասել է. «Զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ պետք է վերացվի: Իմ առաջին հանձնարարականներից մեկը ՊՆ-ին լինելու է շատ արագ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որ բացառվի բանակում ծառայող որևէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը: Պետությունը պետք է զինվորին ապահովի անհրաժեշտ ամեն ինչով»:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ հենց այսօր պատրաստվում է լսել ԶՈւ և ԱԱԾ ներկայացուցիչների զեկույցը ներկայիս իրավիճակի վերաբերյալ: