Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն: Այս մասին ԱԺ-ում կառավարության ղեկավարի ընտրությունից հետո լրագրողներին ասաց ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե արդյոք անձերի փոփոխություններ տեսնում է նոր կառավարությունում, մասնավորապես՝ պաշտպանության նախարարի. Փաշինյանն ասաց. «այո, տեսնում եմ»:
Նորընտիր վարչապետի խոսքով, նոր կառավարության ձևավորման համար բազմաթիվ թեկնածուներ կան, «որովհետև ՀՀ-ում կան բազմաթիվ պրոֆեսիոնալներ, որոնք պետք է ներգրավված լինեն երկրի կառավարման գործում»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Փաշինյանի՝ ԱԱԾ պետի թեկնածուն Ֆելիքս Ցոլակյանն է, նորընտիր վարչապետը պատասխանեց. «ոչ»:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, վարչապետը նշեց, որ անմիջապես քննարկումներ պետք է սկսեն: Դիտարկմանը, թե խոսք էր գնում աշնանն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, Փաշինյանն ասաց՝ «կքննարկենք, հնարավոր տարբերակներից մեկն է»:
Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Արցախ՝ մասնակցելու Շուշիի ազատագրման, Հաղթանակի օրվա և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրվա միջոցառումներին: