8 մայիսի 2018 - 16:38 AMT
Պեսկով. Լեոնտևի խոսքերը ոչ մի կապ չունեն Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ

Կրեմլն անհրաժեշտ չի համարում ուշադրություն դարձնել լրագրող Միխայիլ Լեոնտևի Հայաստանի հասցեին հնչեցված ոչ բարեկամական արտահայտություններին, քանի որ նրա դիրքորշումը ոչ մի կապ չունի Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ արտահայտությունները որևէ կապ չունեն և չեն կարող ունենալ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Ինչպես նաև դրանք չունեն և չեն կարող ունենալ որևէ ընդհանուր բան բարեկամության և եղբայրության այն ջերմ զգացմունքների հետ, որոնք ռուսաստանցիները պատմականորեն տածում են հայ ժողովրդի հանդեպ: Ուստի՝ այս դեպքում, հավանաբար, դրանք եղել են անհաջող արտահայտությունները, որոնց պետք չէ ուշադրություն դարձնել», - ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանը ներողություն է խնդրել հայերիցհաղորդավարներ Յուրևի և Լեոնտևի արտահայտությունների համար:

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի«Գլավտեմա» հաղորդումը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հաղորդավարններ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը վերջին մի քանի թողարկումները, մասնավորապես, ապրիլի 26-ի և մայիսի 3-ի թողարկումները, նվիրեցին հայաստանյան իրադարձություններին: Նրանք համեմատականներ են անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի «հեղափոխությունների» միջև, Հայաստանը «ՌԴ համար բեռ» համարելով, և կոչ են արել երկրի իշխանություններին «արյան մեջ խեղդել»՝ բողոքները ճնշելու համար: