8 մայիսի 2018 - 23:48 AMT
Փոխվարչապետի պաշտոնակատարը Փաշինյանին ծանոթացրել է ԵՏՄ սպասվող գագաթնաժողովի մանրամասներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ի երեկոյան ընդունել է փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Վաչե Գաբրիելյանը վարչապետին ներկայացրել է գագաթնաժողովի օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում գործակցության հետագա զարգացումն ու անդամ պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը:

ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

Փաշինյանը հայտարարել էր, որ մասնակցելու է ԵՏՄ գագաթնաժողովին՝ նշելով, որ հուսով է՝ հանդիպում կունենա նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին կայանալիք գագաթնաժողովում:

Մինչև այդ Կրեմլում հայտարարել էին, որ ակնկալում են Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ մայիսյան գագաթնաժողովին՝ հուսալով, որ միջոցառման շրջանակում կկայանա նաև ՌԴ և ՀՀ ղեկավարների երկկողմ հանդիպումը: