10 մայիսի 2018 - 13:27 AMT
«Գրանդ Հոլդինգ». Նոր Հայաստանի ԱԺ-ում գործարարների ներկայության կարիք չի լինի

«Գրանդ հոլդինգը» պարզաբանել է պատգամավորներ Գրիգոր Ավալյանի և Արմեն Բաբայանի պատգամավորական մանդատներից հրաժարվելու պատճառը:

«Գրանդ հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Ինչպես 10 օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ մայիսի 10-ին Արմեն Բաբայանը դիմում են գրել և վայր դրել պատգամավորի մանդատը: Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու»,ասված է հոլդինգի հայտարարության մեջ:

Միքայել և Կարեն Վարդանյանները հայտարարության մեջ նշել են, որ երբեք որևէ կուսակցության անդամագրված չենք եղել, և որ իրենց քաղաքականությունն իրենց աշխատանքն է ու պայքարը՝ ի նպաստ երկրի տնտեսության զարգացման:

Մենք միշտ եղել ենք, կանք ու լինելու ենք ժողովրդի հետ: Մենք հպարտանում ենք մեր ժողովրդով, մեր երիտասարդներով: Մենք ողջունում ենք մեր քաղաքական գործիչներին, որ դրսևորեցին լրջագույն զսպվածություն, խոհեմություն և հայրենասիրություն: Ամբողջ հայությամբ ցնցեցինք աշխարհը մեր ժողովրդավարությամբ, մեր համախմբվածությամբ, մեր խաղաղասիրությամբ: Թո՛ղ այս օրերի ուրախությունը և ոգեշնչվածությունը երկար մնան մեր սրտերում: Փա՛ռք ազատ, արդար և հաղթական հայ ժողովրդին», -ասվում է Միքայել և Կարեն Վարդանյանների հայտարարության մեջ:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։