10 մայիսի 2018 - 14:31 AMT
Պատանի կիթառահարները՝ հանուն ընկերոջ կյանքի փրկության. Բարեգործական համերգ LOFT-ում

Երևանում՝ The LOFT ժամանցի կենտրոնում, մայիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում ելույթ կունենան պատանի կիթառահարներ։

Երեկոն հատուկ կազմակերպվել է Շահումյան գյուղի Արվեստի դպրոցի աշակերտուհի 16-ամյա Անյուտա Բաբայանի համար, ով նույնպես կիթառահար է և երաժիշտների ընկերը։ Վերջինս քաղցկեղով է հիվանդ և արդեն տարել է 4 վիրահատություն, իսկ այժմ ստուգման և բուժման նպատակով Գերմանիա մեկնելու կարիք ունի: Բարեգործական համերգի նպատակն է օժանդակել Անյուտայի ընտանիքին ծախսերի հոգման հարցում։

Երեկոյի համակարգողը Sigma Project 6 խմբի հիմնադիր, կիթառահար Տիգրան Ավետիսյանն է, որի աշակերտներն են համերգին նվագող փոքրիկ երաժիշտները և ինքը՝ Անյուտան:

Երկու ժամ տևողությամբ համերգի ընթացքում նվագելու են Ավետիսյանի 5 աշակերտները, հնչելու են դասական կատարումներ, հայտնի հիթեր, նաև լինելու է շփում հանդիսատեսների հետ և սեմինար կիթառի մասին: Մուտքավճարը կազմում է 2500 դրամ, համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Անյուտայի ընտանիքին։