10 մայիսի 2018 - 17:53 AMT
Ռուսաստանը կարող է ժամանակավորապես սահմանափակել բանջարեղենի ներմուծումը ՀՀ-ից

Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» կարող է ժամանակավորապես սահմանափակել բանջարեղենի ներմուծումը ՀՀ-ից, հայկական արտադրության լոլիկում և վարունգում կարանտինային արտադրանքի առկայության պատճառով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը գերատեսչության հայտարարության վրա հղումով:

«Եթե շարունակվի կարանտինի ենթակա արտադրանքի, այդ թվում կարանտինային օրգանիզմների առկայությամբ, արտադրանքի առաքումը, «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի ժամանակավորապես սահմանափակել կարանտինի ենթակա արտադրանքի ներմուծումը ՀՀ-ից Ռուսաստան»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 2018-ի մայիսին «Ռոսսելխոզնադզորը» խստացրել է Վերին Լարսում ՀՀ-ից ներկրվող արտադրանքի ֆիտոսանիտարական վերահսկողությունը: Մայիսի 3-9-ը «Ռոսսելխոզնադզորի» մասնագետները հայտնաբերել են ՌԴ համար կարանտինային համարվող 2 օբյեկտի առկայությամբ 7 դեպք՝ լոլիկում հայտնաբերվել է հատուկ տեսակի ցեց, իսկ վարունգում արևմտյան (կալիֆորնիական) թրիփոս: Ամբողջ արտադրանքը վերադարձվել է արտահանողին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են մոտ 3 անգամ: Օպերատիվ տվյալներով՝ 2018-ի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 34 875 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 22 828 տոննայով։