14 մայիսի 2018 - 10:38 AMT
Փաշինյանն ու Ռոհանին խոսել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների մասին

Մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Իրանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:

Երկու երկրի ղեկավարները քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և գործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Մտքեր են փոխանակվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։ Կողմերը հույս են հայտնել, որ հնարավոր կլինի բանակցությունների արդյունքում հասնել ստեղծված իրավիճակի կարգավորմանը:

Երկուստեք կարևորվել են բոլոր ոլորտներում փոխշահավետ գործընկերության առավել խորացման, ինչպես նաև ընթացիկ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը՝ առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը։

Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Հասան Ռոհանին պայմանավորվածություն են ձեռք բերել համաձայնեցնել առաջիկա հանդիպումների ծրագրերը: