14 մայիսի 2018 - 11:33 AMT
Ոստիկանապետն իր բնակարանում Շանթ Հարությունյանի ընտանիքին է հյուրընկալել

ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր բնակարանում հյուրընկալել է ազատազրկված Շանթ Հարությունյանի ընտանիքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը:

«Պարոն Օսիպյանի հրավերով, մեր ընտանիքով հյուրընկալվեցինք նրանց բնակարանում։ Մոտ 5 տարի միասին փողոցում՝ հակառակ բևեռներում, պայքարի մեջ էինք, և ի վերջո մենք՝ որպես ՀՀ ազատ և հաղթանակած քաղաքացիներ ի սրտե և ջերմորեն հանդիպեցինք արդեն ՀՀ ոստիկանապետին և նրա ընտանիքին»,- գրել է նա՝ հավելելով, որ հերթական անգամ համոզվել է՝ Օսիպյանը «բացառիկ անձնավորություն է եղել նախկին կոռումպացված համակարգում»:

Շանթ Հարությունյանն ազատազրկվել է Նոյեմբերի 5-ի գործով: Դատարանը նրան ազատազրկման էր դատապարտել՝ ապացուցված համարելով, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին մայրաքաղաքի կենտրոնում Հարությունյանը մի խումբ անձանց հետ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն, որի ընթացքում դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին։