8 ապրիլի 2008 - 15:18 AMT
Կնեսետի պատգամավորներից շատերը վստահ են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է նրանց բարոյական պարտքը
«Հայոց ցեղասպանության քննարկումն իսրայելյան Կնեսետում իրոք տարօրինակ երեւույթ է, եւ մենք հուսով ենք, որ այն իր տրամաբանական ավարտը կունենա»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ Կնեսետում ներկայացված բոլոր կուսակցությունները կողմ են քվեարկել, որպեսզի հարցը ընդգրկվի օրակարգում: «Արձակուրդներից հետո մայիսին սկսվելու է հարցի քննարկումը: Հնարավոր է, որ հարցը կրթության հանձնաժողովից տեղափոխվի անվտանգության հանձնաժողով: Պատգամավոր Խաիմ Աուրոնը եւ Երուսաղեմի «Հայ Դատի» գրասենյակը աշխատում են այդ ուղղությամբ»,- նշել է Մանոյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Կնեսետի պատգամավորներից շատերը վստահ են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է Իսրայելի բարոյական պարտքը:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Իսրայելի Կնեսետի օրակարգում ընդգրկվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության քննարկման հարցը: Հարցը ներկայացվել է «Մերեց» կուսակցության կողմից: