15 մայիսի 2018 - 12:18 AMT
Թուրքիան հետ է կանչել դեսպաններին ԱՄՆ-ից և Իսրայելից

Թուրքիան խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպաններին Վաշինգտոնից և Թել Ավիվից: Այդ մասին մայիսի 14-ի երեկոյան հայտարարել է Թուրքիայի կառավարության փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում, Իսրայելի գործողությունները պաղեստինցիների դեմ «ցեղասապանություն» է անվանել:

«Այն, ինչ անում է Իսրայելը, ցեղասպանություն է: Կարևոր չէ, թե որ կողմից է դա բխում՝ ԱՄՆ-ի թե Իսրայելի, ես անիծում եմ այս հումանիտար դրաման, այս ցեղասպանությունը»,-ասել է Էրդողանը, գրում է Deutsche Welle-ն:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հայտարարելէ, թե անիծում է Իսրայելի զինված ուժերին և կառավարությանը:

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Անկարան Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ է գումարում Գազայի հատվածում իրադարձությունների կապակցությամբ:

Մայիսի 14-ին Գազայում տեղի ունեցած իսրայելա-պաղեստինյան բախումների ընթացքում զոհվել է առնվազն 37 մարդ, իսկ վիրավորվել 1700 հոգի։ Բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին մասսայական բողոքի գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ: