Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող՝ Երևանի 2800-ամյակի այգու ծառերի հատումը քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացրել: Մայիսի 16-ին այս առթիվ բողոքի ակցիա իրականացնող մի քանի տասնյակ ցուցարարներն անարգել մտել են Երևանի քաղաքապետարանի շենք:
Նրանք հանդիպում են պահանջում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, միաժամանակ վանկարկում են «Տարոն, հեռացի՛ր»: Ցուցարարներից մի քանիսն իրենց հետ հատված ծառերի ճյուղեր են ներս բերել:
Ցուցարարների մոտ է իջել փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: Նա առաջարկում է գնալ ճեպազրույցի համար նախատեսված դահլիճ՝ քննարկելու նախագիծն ու ցուցարարների պահանջը: Վերջիններս ասում են, որ իրենց բավարար չէ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ հանդիպումն ու իրենք ուզում են խոսել անձամբ Տարոն Մարգարյանի հետ:
Երևանի քաղաքապետարանը մայիսի 16-ին պարզաբանում էր տարածել, ըստ որի դեռ 2018-ի փետրվարին տեղեկացրել են, որ Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, «մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր»:
Պարզաբանման համաձայն, բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ «նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն»: