16 մայիսի 2018 - 15:25 AMT
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշով Արցախն առաջին անգամ գրեթե հավասարվել է ՀՀ-ին

2017-ին Արցախում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 272,1 մլդ դրամ, մեկ շնչի հաշվով արձանագրվել է 3844,8 դոլար ՀՆԱ-ի ցուցանիշ, որով առաջին անգամ Արցախը գրեթե հավասարվել է Հայաստանում արձանագրված համապատասխան ցուցանիշին: Այդ մասին Արցախի ԱԺ-ում հայտարարել է ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները:

«ՀՆԱ-ի այդպիսի ծավալը հնարավորություն տվեց արձանագրել տնտեսական աճի բավականին բարձր տեմպ՝ 15,6%-ի չափով»,- իր ելույթում ընդգծել է նախարարը:

Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի վրա հիմնական ներգործությունը հանքարդյունաբերության ոլորտինն է եղել, որը կազմել է 10 տոկոսային կետ: Տարին եզրափակվել է 15,4% տնտեսական աճի ցուցանիշով:

Արդյունաբերության ոլորտի իրական աճը կազմել է 54,8%, ինչը հնարավորություն է տվել արձանագրել 97, 5մլդ դրամ արտադրության ծավալ:

Միջին ամսական աշխատավարձը կազմել է 155. 433 դրամ, աճը արձանագրվել է 1,8%-ի չափով:

Պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 41մլդ 355,9մլն դրամ, կամ պլանավորված ցուցանիշը գերակատարվել է 6,6%-ով: Բյուջեի եկամուտի գերակշիռ մասը կազմել են հարկային եկամուտները: Դեֆիցիտը կազմել է 3 մլդ 305,2 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 387մլն դրամով:

Բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 92 մլդ 98,1 մլն դրամ, կամ ապահովվել է ճշտված ցուցանիշի 96,5%-ը: Նախորդ տարվա պետական բոյւջեի համեմատ ծախսերն աճել են 8,8 կետով: Նախարարի խոսքով՝ աճին նպաստել են ոչ ֆիինանսական ակտիվների ծախսերը, հայտնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

«2017-ի բյուջեն եզրափակել ենք առանց էական պարտավորությունների»,-կարևորել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Մայիսի 16-ին Արցախի Ազգային ժողովում մեկնարկել են ԱՀ 2017-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները: Նիստը վարել է գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:Բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն ԱԺ մշտական հանձնաժողովներում: