16 մայիսի 2018 - 15:37 AMT
Աշխատանքային խումբը կսկսի Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպումը

ՀՀ կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ 2019-ին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technologies-WCIT) բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունի և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթի հետ հանդիպմանը:

Վարչապետը կարևորել է համաժողովի անցկացումը Հայաստանում և ընդգծել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից և համոզմունք հայտնել, որ այս բնագավառը կդառնա տնտեսությունն առաջ մղող շարժիչ ուժերից մեկը:

Նիկոլ Փաշինյանը և Իվոն Չուն պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կսկսի համաժողովի պատշաճ կազմակերպման աշխատանքները:

Տիկին Չունն ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսը շահագրգռված է ՀՀ կառավարության հետ սերտ փոխգործակցությամբ և ներկայացրել Թայվանի փորձը՝ համաժողովի կազմակերպման ոււղությամբ:

Համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրի 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։