16 մայիսի 2018 - 19:38 AMT
Տարոն Մարգարյանը` իր աջակիցներին․ «Շնորհակալ եմ, որ եկել եք»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարճ հանդիպում է ունեցել քաղաքապետարանի շենք ներխուժած ակտիվիստներից հետո քաղաքապետարանի դիմաց եկած իր աջակիցների հետ։

«Շնորհակալ եմ, որ եկել եք, որ այստեղ եք, որ միշտ եղել եք մեր կողքին, հավատացել եք մեր աշխատանքին», - ասել է նա իր համակիրներին։ «Խնդրում եմ ձեզ․․ արդեն ձեր խոսքը լսեցինք․․․ միացեք ձեր ընտանիքներին, և լավ օր եմ մաղթում ձեզ», - նշել է նա։

Լրագրողների հետ զրույցում Մյասնիկյանի հետնամասում գտնվող այգու ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստների կողմից քաղաքապետարանի շենք ներխուժելը նա օրենքի խախտում է որակել ու կոչ արել իրավապահներին զբաղվել այդ հարցով։ «Որպես տեղական ինքնակառավարման մարմին մենք անկախ ենք, և մեր աշխատանքներն իրականացնում ենք, և նման անօրինականությունը մենք չենք հանդուրժի», - ասել է նա։

Այգու ապագային անդրադառնալով` քաղաքապետն ասել է, որ դեռ 10 տարի առաջ այն տրված էր վարձակալության։ Վարձակալը խնդրանքից հետո վերադարձրել է այն քաղաքապետարանին, ինչից հետո «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Վարդանյանների ընտանիքը սկսել է բարեկարգել այգին։ «Խնդրել ենք ներկայացնել ամբողջ ծրագիրը, որ տեսնեն` ինչ բարեգործություն է իրականացվում Երևանում», - ասել է նա։

Քաղաքապետը նշել է, որ այգին լինելու է քաղաքինը, ու այնտեղ սրճարաններ կամ այլ օբյեկտներ չեն լինելու:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ միջոցներ ձեռնարկելու ցուցարարների ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։ Տարոն Մարգարյանն ավելի ուշ հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Վերջինս հայտնել էր, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ:

Մայիսի 10-ից ցուցարարները հավաքվում են Երևանի քաղաքապետարանի մոտ` վանկարկելով «Տարոն, քո հերթն է», «Տարոն, հեռացի՛ր»։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետի հրաժարական տա։