16 մայիսի 2018 - 23:59 AMT
Երկրից դուրս հաշվառված հայաստանցիներին չեն ընդգրկի ընտրացուցակներում

ԱԳՆ-ոստիկանություն-հանրապետական զինկոմիսարիատ եռակի կապի հենքի վրա գործարկվելու է հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է ընձեռելու առանց հյուպատոսական ծառայություն ներկայանալու տնից՝ էլեկտրոնային եղանակով, կանգնել հյուպատոսական հաշվառման:

Այս մասին է հայտնել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնաական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում։

Այն դեպքում, երբ քաղաքացին կընտրի 183 օրից ավելի ժամկետով հյուպատոսական հաշվառման կանգնելու եղանակը, տվյալներն ավտոմատ եղանակով փոխանցվելու են ոստիկանություն. այդ դեպքում անձը կհանվի ՀՀ բնակության վայրի հաշվառումից և կհաշվառվի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով: Ովքեր կհաշվառվեն այլ պետության հասցեով, չեն ընդգրկվի ընտրողների ցուցակներում:

Որոշումը նպաստելու է նաև ընտրողների ցուցակների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, նշել է Բիչախչյանը։

Ընդդիմությունը տարիներ շարունակ մեղադրում էր Հանրապետական կուսակցությանը և նախկին իշխանություններին ընտրողների ուռճացված ցուցակներ ներկայացնելու մեջ, պնդելով, որ երկրից բացակայող անձանց անունից քվեարկություն է կատարվում։ Վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի խոստումներից մեկը թափանցիկ ու վստահելի ընտրողների ռեգիստր ստեղծելն էր։