17 մայիսի 2018 - 17:33 AMT
Forbes. Ինչ է լինելու Հայաստանի տնտեսության հետ իշխանափոխությունից հետո

Ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀ վարչապետ՝ շատ հավանական է, որ այդ իրադարձությունը կարող է սկիզբ դնել բարեփոխումներին անդրկովկասյան այդ երկրում: Այդ մասին ասվում է Forbes.ru կայքում հրապարակված հոդվածում, որը նվիրված է Հայաստանի տնտեսությանը:

«Հասարակ ծառայությունների մատչելիությունն ավելի հարմարավետ է դարձնում կյանքը, սակայն, հարմարավետությանը նույնքան նպաստում է ավտոմեքենաների, ժամանակակից էլեկտրոնիկայի օգտագործումն ու բժշկական ծառայություններից օգտվելը: Քանի որ Հայաստանը չունի նոու-հաու այդպիսի ապրանքներ արտադրելու համար, գնում է դրանք միջազգային շուկայում դոլարով և եվրոյով: Իսկ դրա համար պետք է վաստակել այդ դոլարներն ու եվրոները՝ այսինքն արտահանել սեփական ապրանքներն ու ծառայությունները: Այն, թե ինչպես երկիրը կլուծի այդ խնդիրը, որոշիչ կլինի ՀՀ հետագա զարգացման և բարեկեցության բարձրացման համար: Եվ այս դեպքում արտահանման դիվերսիֆիկացիայի բարելավումը բավարար չի լինի՝ իշխանություններն առանձին ջանքեր պետք է գործադրեն դրա համար»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ 2016-ին ՀՀ-ն 137-րդ տեղում էր տնտեսական բարդության վարկանիշում: Դա նշանակում է, որ Հայաստանը չունի բավարար քանակի նոու-հաու, որը թույլ կտար դառնալ ապրանքների և ծառայությունների լուրջ արտահանող:

«Հայաստանի բնակչությունը շատ չէ, ուստի ավելի հարուստ դառնալու համար հարկավոր է լայն դիվերսիֆիկացիա: Չինաստանի պես երկրին հարկ էր բարելավել արտադրողականությունն արդեն գոյություն ունեցող ոլորտներում, ինչպես նաև ավելացնել արտահանող ճյուղերը, որպեսզի ամենամեծ բնակչությունն ունեցող երկիրն ավելի հարուստ դառնար: Հայաստանին այդ նպատակի համար ընդամենը արտահանման մի քանի ոլորտ է հարկավոր: Ընդ որում, այդ ոլորտները կարող են ծառայություններին առնչվել»,-գրում է պարբերականը:

Հեղինակը նշում է զբոսաշրջության ոլորտը, որտեղ ՀՀ-ն կարող է փորձել կրկնել Թուրքիայի փորձը, որը մեծ հաջողության հասավ այդ ոլորտում 1990-ականներին: «Զբոսաշրջիկները Հայաստան կգնան, երբ հասկանան, որ կարող են մատչելի գնով հասնել Երևան, արագ անցնել անձնագրային ստուգումը ժամանակակից և հարմարավետ օդանավակայանում, արագ հասնել Սևանա լիճ, որտեղ 2 շաբաթ կարող են լավ հյուրանոցային ու լողափնյա սպասարկում ստանալ նոր հարմարավետ հյուրանոցում: Եվ այդ ամենն ավելի էժան կլինի, քան նմանատիպ հանգիստը Թուրքիայում, Բուլղարիայում կամ Չերնոգորիայում»,-գրում է պարբերականը:

Ըստ հոդվածագրի, եթե ՀՀ-ն 10 տարում ստեղծի նոր զբոսաշրջային հատված, ապա կարող է անցնել upper middle-income economy երկրների շարքը ВБРР դասակարգմամբ: Դա ոչ միայն կբարձրանցի բարեկեցությունը, այլ նաև կավելացնի ներդրումային բյուջեն, որը թույլ կտա հետագայում դիվերսիֆիկացնել ՀՀ տնտեսությունը:

«Խնդիրն այն է, թե որտեղից գումար գտնել հյուրանոցներ ու տրանսպորտային ենթակառուցվածքներ կառուցելու համար, սակայն այդ խնդիրը կառաջանա Հայաստանում ցանկացած ոլորտի զարգացման համար: Դրա լուծումները ստանդարտ են՝ փոխառություններ միջազգային ֆինանսական կազմակերպություններից, հայկական սփյուռքի օժանդակությունն ու ռուսական վարկերը, եթե վերջիններս քաղաքականացված չլինեն: Անշուշտ, հարկ կլինի փորձել զարգացնել նաև մյուս ոլորտները, սակայն դա արդեն առանձին վերլուծության կարիք ունի»,-ասվում է հոդվածում: