8 ապրիլի 2008 - 19:10 AMT
Հոլանդական դատարանը մերժել է հակաիսլամական ֆիլմի արգելման մասին հայցը
Հաագայի դատարանը մերժել է Նիդերլանդների Իսլամական ֆեդերացիայի հայցը հոլանդացի քաղաքական գործիչ Գեերտ Վիլդերսի Fitna ֆիլմի արգելման մասին: Տասնհինգ-րոպեանոց ֆիլմը, որում իսլամը ներկայացվում է որպես դաժանության եւ բռնության խորհրդանիշ, իսկ Ղուրանը հավասարեցվում է Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆ»-ին, մարտի վերջում ներկայացվել է ինտերնետում: Ժապավենը իսլամական ծայրահեղականների ահաբեկչական հարձակումները կապում է Ղուրանում առկա որոշ պնդումների հետ: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ խոսքի ազատության սահմանադրական իրավունքը ֆիլմի հեղինակին Ղուրանը քննադատելու հնարավորություն է տալիս: Դատավորն ընդգծել է, որ «մի կողից, Վիլդերսի հայտարարությունները կարելի է սադրիչ համարել, սակայն այլ կողմից, նա չի խախտում թույլատրելիի սահմանը», հաղորդում է EuroNews-ը:

Նշենք, որ Գեերտ Վիլդերսի ֆիլմը բողոքների ալիք է բարձրացրել ինչպես Հոլանդիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Քաղաքական գործիչը պարբերաբար սպառնալիքներ է ստանում: