8 ապրիլի 2008 - 19:33 AMT
Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջարկել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, ՀՀԿ-ն հաստատել է այդ թեկնածությունը
Հայաստանի նորընտիր նախագահ, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ապագա վարչապետի պաշտոնում առաջարկել է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀՀԿ մամլո ծառայությունում, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը այսօր կայացած նիստի ժամանակ հաստատել է այդ թեկնածությունը: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանի թեկնածության հաստատմանը հավանություն են տվել ՀՀԿ խորհրդի 98 անդամներից 90-ը:

Նշենք, որ ապրիլի 9-ին կայանալու է Հայաստանի նորընտիր նախագահի երդմնակալությունը: ՀՀ Սահամանադրության համաձայն, պաշտոնին անցնելու օրը նախագահն ընդունում է կառավարության պաշտոնաթողությունը, ինչից հետո` 10 օրերի ընթացքում, պետության ղեկավարը նշանակում է վարչապետին: Նշանակումից հետո քսանօրյա ժամանակահատվածում ձեւավորվում է հանրապետության կառավարությունը: