17 մայիսի 2018 - 16:34 AMT
Նոր ՋԷԿ-ի կառուցման $300 մլն-անոց ծրագիրը կշարունակվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ջովաննի Ռուբինին նշել է, որ մոտ $300 մլն գնահատվող ներդրումային ծրագրով նախատեսվում է 25-28 ամսվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան: Ներդրվելիք ժամանակակից համակարգերի արդյունքում հնարավոր կլինի արտադրել ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա: Ծրագիրն իրականացվելու է Siemens ընկերության և միջազգային ֆինանսական կառույցների հետ գործակցությամբ:

«Պատրաստ ենք հնարավորինս արագ մեկնարկել ծրագրի իրականացումը: Շինարարության ընթացքում ակնկալվում է ստեղծել մոտ 1000 նոր աշխատատեղ»,- ասել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ-ն շահագրգռված է նոր ներդրումների ներգրավմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ, ուստի հետաքրքրված է ներկայացված նախագծով»: Վարչապետն առաջարկել է ծրագիրն առաջ մղելու աշխատանքները կոորդինացնել համապատասխան գերատեսչությունների հետ: