
Ամբոխը, որը ծափ է տալիս քո թագադրությանը, նույն ամբոխն է, որը ծափ է տալու, երբ քեզ հանեն կախաղան։ Բրիտանացի գրող Թերի Պրաչեթի արտահայտած իմաստությունն այս օրերին վայելում են Նիկոլ Փաշինյանն ու «Սասնա ծռերը»։ Մեկը, ում 2016-ին հեռացրին հարթակից «բաց ձեռքերով» Խորենացի փողոց գալուց հետո, ժողովրդի հերոսն է, մյուսներն, ում 2 տարի առաջ հազարավոր մարդիկ պատրաստ էին ձեռքերի վրա տանել ՊՊԾ գնդից ուղիղ Բ26, «վայելում էին» քննադատություն ու լուտանքներ նախկինում իրենց անթաքույց պաշտպանած մարդկանց կողմից։ Բնութագրու՞մ է դա արդյոք Փաշինյանին կամ «Ծռերին»։ Ոչ, դա բնութագրում է միայն ամբոխին կամ հասարակությանը։ Ոչ լավ, ոչ վատ տեսանկյունից․պարզապես նա խիստ փոփոխական տրամադրությամբ ու քմահաճ տիկին է։
Այսօր՝ անարյուն հեղափոխության ֆոնին տիկինը համոզված է, որ արյուն թափելը վնասաբեր է՝ բերելով վերջին դեպքերի օրինակը։ Վաղը տիկինը կարող է կտրուկ փոխել սեփական կարծիքն ու դուրս գալ արյուն թափելու պատրաստակամությամբ։
Վարուժան Ավետիսյանն իր ելույթում հանգիստ արդարացնում է ոստիկանների սպանությունը նրանց՝ Սերժ Սարգսյանի օրոք ծառայելու փաստով, կարծես ոստիկանները երբեք չէին զբաղվում ոչ հանցագործ բռնելով, ոչ էլ հասարակական կյանքի պահպանմամբ, ու միայն և միայն «գաղութատիրական կարգեր» հաստատելու գործառույթ ունեին, իսկ տեսակետը քննադատողներին կեղծ մարդասիրության մեջ մեղադրում։ Ով պիտի պայքարի հանցավորության դեմ անգամ ամենավատ իշխանության օրոք, եթե բոլորը նման հիմնավորմամբ լքեն համակարգը, Ավետիսյանն իր ելույթում, ցավոք չի ասում, սակայն սույն տողերի նպատակը նրա հետ բանավիճելը չէ, քանի որ այս տեսակետը միշտ լինելու է, այլ վերը հիշատակած քմահաճ տիկնոջը արյուն թափելու գայթակղությունից հետ պահելու մասին մտորելը։
«Սասնա ծռերը» պատմության ոչ առաջին, ոչ էլ վերջին ուժն են, ովքեր սպանում են մարդկանց հանուն արդարության իրենց տեսլականի, իսկ նրանց աջակցողները նման մեթոդ արդարացնող առաջին ու վերջին մարդիկ չեն, ու ամենուր նրանք արդարացնում են բռնությունը նույն պատճառներով, ինչ Հայաստանում։ Ուստի հեծանիվ հորինելու փոխարեն մի պահ տեղափոխվենք Լատինական Ամերիկա՝ Պերու: Քչերին է հայտնի, որ հրաշք երկրում արդարության համար պայքարող «Պայծառ ուղի» խմբավորման ու կառավարության պատերազմում սպանվել է 70 հազար մարդ մոտ 30 տարում։ Նրանց մոտ մեկ երրորդին սպանել է կառավարությունը հանուն «սահմանադրական կարգի պահպանման», մյուսներին «Պայծառ ուղին» ու այլ ապստամբներ՝ հեղափոխության, սոցիալական արդարության հաստատման, օլիգարխներից թալանածը հետ բերելու և ամերիկյան գաղութատիրական կարգերից երկիրն ազատելու լոզունգներով (ես հիմա չեմ հեգնում «Սասնա ծռերի» լեքսիկոնն, այլ իրոք կրկնում եմ ապստամբների դրույթները)։ «Պայծառ ուղին» անգամ փորձում էր պարենային բլոկադի ենթարկել Պերուի մայրաքաղաքը՝ բնակիչներին սովի մատնելու ու քաղաքներից հեռանալ ստիպելու համար, քանի որ գաղութատեր բռնարարներին տապալելու նպատակն արդարացնում է միջոցները։ Տասնամյակներ տևող պատերազմն անավարտ էր թվում, մինչև չհայտնվեցին այս մարդիկ։

Պերուի նախագահ Ալբերտո Ֆուջիմորին (լուսանկարում՝ ձախից, նա, ի դեպ, ավելի ուշ բանտում հայտնվեց), չնայած բազմաթիվ այլանդակ հանցագործությունների, տնտեսագետ Էրնանդո դե Սոտոյի ազդեցության տակ անցկացրեց երկրում մի շարք կարևորագույն տնտեսական բարեփոխումներ։ Դրանց հետևանքով «Պայծառ ուղու» հետևորդները՝ ամենաաղքատ ու անպաշտպան գյուղացիական խավերը, ստացան սեփականության երաշխիքներ, դադարեցին անողոք կեղեքվել պետության կողմից, ու հասկացան, որ եկել է վիճակ, որում իրենց ապագան կախված է հենց իրենց հմտությունից ու աշխատասիրությունից, ոչ թե քաղաքներում նստած «սովամահության արժանի» պորտաբույծներից, ինչպես նրանց համոզում էին ապստամբները։ «Պայծառ ուղին» երբեմն պայթյուններ է կազմակերպում ու առևանգում է մարդկանց, բայց, ընդհանուր առմամբ, մարգինալացվել է սոցիալական հենարանը կորցնելու արդյունքում։
Եվ ուրեմն՝ կարելի է ինչքան ուզես քննադատել ու հայհոյել Վարուժան Ավետիսյանին ու «Սասնա ծռերին», բայց թողնենք այդ անբովանդակ զբաղմունքը խմբավորմանն 2 տարի առաջ աստվածացնողներին, ովքեր մի 2 տարուց, հնարավոր է, կրկին սկսեն սեր տածել իրենց նկատմամբ։ Ագրեսիան արդարացնող մարդիկ լինելու են ամենուր և միշտ․ պետությունը պիտի անի այնպես, որ հասարակության մոտ չլինի հուսահատությունից զենք վերցնելու ցանկություն։ Կարծում եք, Պերուում չէի՞ն փորձում համոզել մարդկանց, որ բռնությունը վատ է։ Փորձում էին ու ապարդյուն։ Որովհետև բռնության լիակատար բացառումը ոչ թե համոզելով, այլ գործողություններով այլընտրանք առաջարկելով է լինում։ Մարդիկ պիտի տեսնեն, որ պետությունը ոչ թե խանգարում է կամ կողքից է կանգնած, այլ հնարավորինս աջակցում է նրանց, պիտի տեսնեն, որ իրենց բարեկեցությունը կախված է իրենց ջանքերից, ոչ թե պետական ապարատի ոչ պրոֆեսիոնալ կամ անազնիվ աշխատանքից։
Միաժամանակ քաղաքացին չպիտի ունենա անիրականալի խոստումների վրա ձևակերպված ուռճացված սպասելիքներ։ Հիշենք, որն էր նախկին իշխանությանը քննադատելու հիմնական թիրախներից մեկը․ չիրականացվող ամբիցիոզ խոստումները։ Քաղաքացին պետք է իմանա, որ Իրան-Հայաստան երկաթուղի չի՛ լինելու, նոր ատոմակայան, երևի, չի՛ լինելու, ոչ 4, ոչ 5-միլիոնանոց Հայաստան չի՛ լինելու, արտագաղթը չի՛ դադարելու, ԼՂ հարցը չի՛ լուծվելու։ Իսկ մնացածը լինելու է դժվար, բայց՝ հետաքրքիր։
Թույլ տվեք նկատել, որ հեղափոխության անարյուն ու նման մասշտաբի իրադարձության համար համեմատաբար քիչ ագրեսիայով ընթացքը (ծեծուջարդի ու խաժամուժի ներգրավման տասնյակ դեպքերը ոչ մի համեմատության մեջ չեն մտնում այլ երկրներում բռնության հետ) նաև նախկին իշխանության արդյունքն է․ նրանք կարող էին ընտրել կրակելու, լայնամասշտաբ բռնության, հիվանդանոցները տուժածներով լցնելու ու մնացածներին ահաբեկելու ճանապարհը, սակայն այդ քայլից հետ մնացին։ Ու առկա քաղաքական համակեցության պահմաններում ՀՀԿ-ն չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից ո՛չ քաղաքական պրոցեսների, ո՛չ էլ բռնության արդարացման նվազման կամ, հակառակը, աճի համար։ Եթե նախկին իշխանությունը փորձի տորպեդահարել նոր կառավարության աշխատանքը, ինչի մասին այս օրերին բազում մտավախություններ են հայտնում, հենց ՀՀԿ-ն է դառնալու «Ու էսքանից հետո դեռ «Ծռերին» քննադատող կա՞» արտահայտության վերածնունդի մեղավորն ու առաջին թիրախը։ «Բաց ձեռքերով» են նրանց դրանից հետո դիմավորելու, թե բռունցքներով, կախված է լինելու հասարակության՝ այս քմահաճ տիկնոջ, ներկա պահի տրամադրությունից, որը կռահել փորձելը մեր գործը չէ: