18 մայիսի 2018 - 16:29 AMT
ՊՆ և ԱԳՆ ղեկավարներն այցելել են սահմանագծի՝ նախիջևանյան ուղղություն

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն: Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին՝ երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկությունները։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել է լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևան այցի ժամանակ հայտարարել էր, որ «Նախիջևանում տեղակայված ժամանակակից սպառազինությունը, այդ թվում հեռահար հրթիռները, կարող են ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական թիրախ»: