9 ապրիլի 2008 - 21:11 AMT
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին առկա խնդիրների հաղթահարման գործընթացում
ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Եվրոպայի Միության խորհրդի գլխավոր քարտուղար, Գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է. «Հարգելի նախագահ, Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր պատասխանատու պաշտոնում: Եվրոպայի Միությունն ուշադիր հետեւել է փետրվարի 19-ի հետընտրական իրադարձություններին եւ տեղյակ է այն խնդիրներին, որոնք ծառացած են Ձեր նոր պաշտոնը ստանձնելու պահից: Միաժամանակ, մենք ողջունում ենք անցումային շրջանում Ձեր կողմից արված երկխոսության հրավերները:

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի Հանրապետությանը այդ մարտահրավերների հաղթահարման գործընթացում: Մենք շարունակում ենք հետընտրական իրադարձությունների անկախ ուսումնասիրությունը, հետեւում ենք ձերբակալված քաղաքական գործիչների ազատ արձակման ընթացքին, ընդդիմության հետ բաց երկխոսությանը, ինչպես նաեւ կարեւորում ենք լիարժեք ազատության վերականգնումը` որպես վստահության բարձրացման բաղադրիչ: Հուսով եմ, որ մեր հարաբերությունները հետագայում եւս կզարգանան»,- ասվում է ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղարի նամակում: