22 մայիսի 2018 - 16:50 AMT
Ավստրալիայի Ռայդ քաղաքը բանաձև է ընդունել՝ սատարելով Արցախի անկախությանը

Մայիսի 22-ին Ավստրալիայի Ռայդի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի անկախության։ Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ։

Բանաձևում մասնավորապես ասվում է, որ Ռայդ քաղաքի Քաղաքային խորհուրդը նշում է, որ 2018 թ․ լրանում է Արցախի ազատագրական շարժման 30-ամյակը, ինչը հանգեցրեց 1991 թ․Արցախի Հանրապետության (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անկախության հռչակմանը, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը․

ա) հաստատում է մարդու ինքնորոշման հիմնական իրավունքի և ազատ ու ժողովրդավարական հասարակության կարևորությունը,

բ) ճանաչում է բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը,

գ) ընդգծում է Արցախի Հանրապետության շարունակական ջանքերը՝ ուղղված օրինական խորհրդարանական ընտրությունների միջոցով ազատ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ու պատասխանատու կառավարության կազմավորմանը

դ) սատարում և խրախուսում է միջազգային հանրությունում Արցախի Հանրապետության ներգրավվածությունը՝ առկա տարածաշրջանային խնդիրների լուծմանը հասնելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու նպատակով,

ե) խրախուսում է Արցախի Հանրապետության հետ խաղաղ հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև Արցախի ժողովրդին մարդասիրական և տնտեսական աջակցության տրամադրումը, և

զ) կոչ է անում Դաշնային կառավարությանը պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի Հանրապետության ու նրա քաղաքացիների հետ։

Ավելի վաղ Արցախի անկախությունն է ճանաչել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը: Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը կուսակցական քաղաքականության պլատֆորմում ներառել է Արցախի հանրապետության բնակիչների ինքնորոշման իրավունքը: