ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հակասահմանադրական տարրեր է տեսնում նոր կառավարության քայլերում: Այդ մասին նա հայտարարել է ԱԺ հայտարարությունների ժամին։
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ վերջին օրերին բազմակարծության հանդեպ անհանդուրժողականություն է նկատվում։ «Այս մտահոգությունը կիսում են 100-ավոր օգտատերեր, որոնք հանդգնում են քննադատական խոսք ասել նոր ձևավորված իշխանությունների հասցեին», - նկատել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Աշոտյանը նկատել է, որ սահմանադրականության խնդիր է տեսնում այն հարցում, երբ երկրի վարչապետը պաշտպանության նախկին նախարարին հորդորում է հրապարակավ կարծիք չհայտնել սոցցանցերով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին խորհուրդ էր տվել «բեմականացված հայտարարություններ» չանել:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Ազգ-բանակ հայեցակարգի մասին հնչած քննադատություններին՝ նշելով, որ ազգ-բանակ գաղափարը որևէ մեկի սեփականությունը և որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ, այլ կոչված է մոբիլիզացնելու քաղաքական ռեսուրսը արտաքին ագրեսիայի դեպքում։
Վիգեն Սարգսյանն ու Արմեն Գրիգորյանը հեռակա բանավիճել են «Ազգ-բանակ» ծրագրի շուրջ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Ազգ-բանակ» հայեցակարգի հեղինակ Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանի ելույթին՝ ասել է, որ կարծիք արտահայտող հանրային պաշտոնյան պարտավոր է շատ հստակ պատկերացնել, թե ինչի մասին է խոսում:
«Ժողովրդավարությունը, հակակոռուպցիոն պայքարը երկրի ռազմավարական խորությունն ուժեղացնող գործոններ են, բայց միայն այդ գործոններն անվտանգության լիարժեք համակարգ չեն կարող ապահովել», - ասել է պատգամավորը:
«Ինձ համար մտահոգիչ է, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը լրատվամիջոցներով հայտնում է, որ երբ հորդորի ՏԻՄ մարմիններին հրաժարական տալ, նրանք պետք է հրաժարական տան։ Սահմանադրության հետ կապված համապատասխան հոդվածով ակնհայտ խնդիր եմ տեսնում», - նշել է նա։
Փաշինյանն, անդրադառնալով Ազգ-բանակ հայեցակարգին, ասել էր. «Մենք ունենք օրենք, որը ունի կոնկրետ դրույթներ, որի անունը դրել են «Ես եմ» ծրագիր: Իսկ Ազգ-բանակը որտե՞ղ է ձևակերպված: Դա գաղափար է, որ քննադատվել է և շատ արդարացված: Հարցեր են բարձրացվել, թե դրա տակ ինչ է հասկացվում՝ արդյոք մենք հասկանում ենք միլիտարիզացված հասարակություն, որ բոլորին փորձում են ուսադիրների տակ քաշել՝ հնազանդ պահելու համար: Մենք տեսանք, որ մեր հասարակությունն այդպիսին չի լինի»,-ասելէ Փաշինյանը, գրել է «Առավոտը»: