10 ապրիլի 2008 - 15:38 AMT
Ջեկի Կանչելյանը հաղթանակ է տարել ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ջեկի Կանչելյան-Սփիերը հաղթանակ է տարել ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Կալիֆորնիայից, հավաքելով ձայների 80 տոկոսը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` ANCA-ն, ընտրություններն անց են կացվել վերջերս վախճանված կոնգրեսական Թոմ Լանթոսի տեղի համար: Ներկայումս ԱՄՆ Կոնգրեսում կան երկու հայազգի ներկայացուցիչներ` Աննա Էշուն եւ Ջեկի Սփիերը: «Մենք ուրախ ենք տեսնել Ջեկի Սփիերին ԱՄՆ Կոնգրեսում: Նա մեծ օրենսդրական փորձ ունի, եւ մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում նրա աշխատանքին մեզ հետաքրքրող հարցերի շուրջ»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Կալիֆորնիայի սենատում աշխատանքի ընթացքում նա եղել է Հայոց ցեղասպանության հետ կապված տասնյակ օրենսդրական ակտերի նախաձեռնողը: 2005 թվականին Սփիերը հանդես է եկել նահանգի սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծով: Նա նաեւ քննարկման է դրել մի օրինագիծ, որով թույլ է տրվում Ցեղասպանության զոհերին դիմել դատարաններ 1915 թ. կորցրած գույքի կապակցությամբ: Կալիֆորնիայի սենատը քվեարկեց «կողմ», իսկ 2006թ. նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ստորագրեց օրենքը:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա խոստացավ շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակման համար Ադրբեջանին տրամադրվելիք օգնությունը սահմանափակող ԱՄՆ-ի հիմնական ազատությունների ակտի 907-րդ ուղղմանը սատարելու հարցերում: «Թուրքիան չի կարող ճնշում գործադրել Հայաստանի վրա` դուրս թողնելով նրան տարածաշրջանային նախագծերից: Թուրքիան պետք է Հայաստանին եւս ներառի այդ նախագծերում, քանի որ դա տարածաշրջանում խաղաղության հասնելու միակ ճանապարհն է»,-ասել է կոնգրեսականը: