23 մայիսի 2018 - 17:58 AMT
Տոնոյանը և Շոյգուն կարևորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 23-ին Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների իր գործընկերների, այդ թվում՝ առանձին, երկկողմ հանդիպում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը և կողմերի պատրաստակամությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առկա համաձայնությունների և ծրագրերի շարունակականության ապահովման ու համագործակցության բոլոր ուղղություններով դրանց ընդլայնման վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նիստի ընդլայնված և փակ քննարկումների ժամանակ իր գործընկերների հետ քննարկվել է օրակարգային հարցեր, ուղղված ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության ամրապնդմանը և կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ստորագրվել են մի շարք որոշումներ:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։