24 մայիսի 2018 - 15:49 AMT
Սինգապուրում բացվել է առաջին հայկական թանգարանն Ասիայում

Սինգապուրի հայ համայնքը հայկական թանգարան է բացել, որն առաջինն է ոչ միայն երկրում, այլ նաև Ասիայի տարածքում, գրում է The Straits Times-ը:

Սինգապուրի հայ համայնքը բավականին հին պատմություն ունի: Այդ երկրի հայտնի հայերից էր Քաջիկ Մոսեսը, որը 1845-ին հիմնել է The Straits Times-ը, Սարգիս եղբայրները, որոնք 1887-ին հիմնել են Raffles հյուրանոցը, գիտնական Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան), որը 1800-ականների վերջում բուծել է Vanda teres և Vanda hookeriana խոլորձների տեսակները: Vanda hookeriana-ն ստացել է Վանդա միսս Ջոակիմ անվանումը և դարձել է Սինգապուրի խորհրդանիշ ծաղիկը:

Սինգապուրի սակավաթիվ հայ համայնքը 1,2 մլն դոլար է ծախսել հայկական թանգարանի բացման համար, որը նպաստում է Սինգապուրի կյանքում համայնքի գործունեության մասին իրազեկվածության բարձրացմանը, որը Սինգապուրի ամենահին համայնքներից է:

Հայկական թանգարանը պաշտոնապես բացվել է մայիսի 24-ին: Բացմանը մասնակցել են Ազգային ժառանգության խորհրդի գործադիր տնօրեն Չանգ Խվի Նին և եպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը ՀԱԵ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմից:

Համայնքը նաև կշարունակի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները: Ըստ եկեղեցու հոգաբարձու Պիեռ Հեննեսի, հայերը ցանկանում են պատմել Սինգապուրի բնակիչներին, թե ով են իրենք: Հեննեսը նշել է, որ Սինգապուրում միաժամանակ երբեք 100 հայից ավելի չի ապրել, սակայն, դա չի խանգարել նրանց ծանրակշիռ ավանդ ունենալ երկրի զարգացման մեջ:

Սինգապուրի հայկական եկեղեցին ամենահինն է Հարավարևելյան Ասիայում: