Եթե «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որոշեր մնալ իր պաշտոնում, ոչ ոք չէր առարկի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մայիսի 23-ին Վենգերին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Ունաի Էմերին:
Մխիթարյանը հույս է հայտնել, որ Էմերին հաջողության կհասնի լոնդոնյան ակումբում:
«Ես դեռ չեմ հանդիպել նրա հետ: Մենք խոսելու ժամանակ չենք ունեցել: Հուսով եմ, նա նոր մարտավարական գաղափարներ կբերի ակումբ և հաջողության կհասնի այստեղ»,-ասել է Մխիթարյանը, գրում է Daily Mail-ը:
Ըստ հայ ֆուտբոլիստի, ակումբում բոլորը պրոֆեսիոնալներ են, և յուրաքանչյուրը գիտի, թե ինչ պետք է անի և ինչ են իրենից ակնկալում:
«Վենգերի հեռանալու պատճառով բոլորն էին տխրել՝ և ֆուտբոլիստները, և անձնակազմը: Հեշտ չէ հաշտվել մի մարդու հեռանալու հետ, որը ղեկավարել է ակումբը 22 տարի: Բոլորը տպավորված էին այն մթնոլորտով, որը նա ստեղծել էր: Եթե նա որոշեր ևս 10 տարի պաշտոնավարել, ոչ ոք դեմ չէր լինի»,-ասել է Մխիթարյանը:
Արսեն Վենգերը գլխավորում է «Արսենալը» 1996-ից: Ապրիլին Վենգերը որոշեց հեռանալ ակումբից խաղաշրջանի ավարտին: