24 մայիսի 2018 - 14:35 AMT
ՀՀ նախագահ. Արտահերթ ընտրությունների անցկացման հարցը պետք է քննարկվի ու լուծվի ԱԺ-ում

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը պետք է քննարկվի ու լուծվի Ազգային ժողովում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Պե՞տք է, թե պետք չէ: Կարծում եմ, երկու մեծ սուբյեկտ կա` դա հայ ժողովուրդն է ու այդ ժողովրդի համապատասխան մարմինը` Ազգային ժողովը», - ասել է Արմեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա հավելել է, որ եթե այդպիսի որոշում ընդունվի, ապա նախագահի պարտավորությունը կլինի իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունները «լինեն արդար և արդարացի»:

Մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջնահերթություն են գործող կառավարության համար: «Սա չի նշանակում, սակայն, որ ընտրությունները նոր կառավարության միակ խնդիրն է, կառավարությունը պետք է գործի բնականոն ձևով և ունի ու ունենալու երկարաժամկետ ծրագրեր», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կարևորը ոչ այնքան ընտրությունների ժամկետն է, որքան որակը: