24 մայիսի 2018 - 21:46 AMT
Արտակ Դավթյանը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ է նշանակվել։

Այս մասին է հայտնել ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դավթյանը զբաղեցրել է, մասնավորապես, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի, ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնները։

Արցախյան ազատամարտի ժամանակ կռվել է Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ջոկատում, այնուհետև՝ Մեղրիում, Կապանում, մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։

Ավարտել է Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։ 1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։