29 մայիսի 2018 - 12:18 AMT
Պարտադիր կուտակայինի ներդրումը 1 տարով հետաձգելու նախագիծը ներկայացվել է

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով՝ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը, հետաձգելու մասին նախագիծ է ներկայացվել իրավական ակտերի նախգծերի հրապարակման միասնական կայքում:

«Վերջին շրջանում ՀՀ-ում արձանագրված քաղաքական իրողությունների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել անդրադարձ կատարել նախորդ բոլոր խնդրահարույց նախաձեռնություններին, այդ թվում՝ լուծումներ առաջարկել պարտադիր կուտակային բաղադրիչի համակարգում առկա խնդիրներին։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կատարել ավելի խորքային ուսումնասիրություններ և վերլուծություններ, քննարկել բոլոր հնարավոր տարբերակները և այդ տարբերակների հետևանքները, դրանց ազդեցությունը մեր երկրի սոցիալ տնտեսական կյանքի վրա», - նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Նշվում է նաև, որ համակարգին մասնակցում է մոտ 200.000 անձ, իսկ կենսաթոշակային ֆոնդերում առկա գումարները կազմում են ավելի քան 120 մլրդ. դրամ։

Ավելի վաղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն առաջարկել էր մեկ տարով հետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը: Նպատակը առկա խնդիրների վերաբերյալ քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելն էր:

«Նշված ժամանակը անհրաժեշտ է օրենքը լրամշակելու, համակարգի խնդիրները վեր հանելու և դրանց հիմնավոր, արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ տալու համար՝ ներգրավելով հասարակության լայն զանգվածներին, համակարգի շահառուներին՝ հաշվի առնելով նաև նրանց կարծիքը», - նշել է նա:

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը պիտի ուժի մեջ մտներ 2018 թվականի հուլիսի 1-ից։