29 մայիսի 2018 - 16:32 AMT
Երևանի մետրոյում նորովի ձևավորված շարժակազմ է գործարկվել

Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ: Այս մասին հայտնում է Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների պաշտոնական կայքը:

Տոնական շարժակազմի առաջին երթի մեկնարկը տրվել է մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից: Այն ուղեկցվել է ազգային երգ ու պարով՝ «Կարին» համույթի մասնակցությամբ:

Երևանի մետրոն սկսել են կառուցել 1972 թվականին, իսկ գործարկվել է այն 1981-ին և ընդլայնվել մինչև 1996-ը։ Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել էր որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, բայց հետագայում այն վերափոխվեց մետրոյի։ Բացվելով 1981-ի մարտի 7-ին՝ հետագա տարիներին մետրոյի ցանցն ընդլայնվել է դեպի քաղաքի հարավային մասերը։ Վերջին կայարանը՝ Չարբախը, շահագործման է հանձնվել 1996-ին։