29 մայիսի 2018 - 16:54 AMT
ԵՊՀ ռեկտորի ինքնազգացողությունը վատացել է

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել է։

Ըստ նրա խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի, Արամ Սիմոնյանը ճնշման տատանում ունի։ «Շտապ օգնություն» է հրավիրվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության ակտիվիստԴավիթ Պետրոսյանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել է. «Նոր մտա Արամ Սիմոնյանի մոտ, ասաց, որ իրեն լավ է զգում: Մենք ասացինք, որ չենք խոչընդոտի իր դուրս գալը, բայց նա ցանկանում է մնալ»:

Ավելի վաղ Երևանի պետական համալսարանում ռեկտոր Արամ Սիմոնյանը պատասխանել է իր հրաժարականը պահանջող ուսանողների հարցերին: Լարված մթնոլորտում անցած հարց ու պատասխանից հետո ուսանողները խոչընդոտել են նրա ելքը նիստերի դահլիճից:

Ավելի վաղ, «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ:

Նախաձեռնության մասնակիցները կոչ են անում ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին դասադուլ և գործադուլ սկսել համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացման, Ուսանողական խորհրդի գործունեության կասեցման պահանջներով։