30 մայիսի 2018 - 10:44 AMT
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան՝ նաև Ջավախք կայցելի

Մայիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:

Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Այցի շրջանակներում վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և կայցելի Հովհաննես Թումանյանի տուն, որը գիտական, մշակութային կենտրոն է, հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկա կգտնվի Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հոբելյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը և կազմակերպված ընդունելությանը:

Նախատեսվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Ջավախք, Նինոծմինդա ու Ախալքալաք և հանդիպումներն այնտեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: