30 մայիսի 2018 - 11:12 AMT
Աշոտյանը Փաշինյանի պատվիրակության կազմում Թբիլիսիում է

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընդգրկվել է պաշտոնական այցով Վրաստան ժամանած հայկական պատվիրակության կազմում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը՝ Աշոտյանը:

«Վարչապետի որոշմամբ և իմ համաձայնությամբ ընդգրկվել եմ հայկական պատվիրակության կազմում, որը մեկնում է Թբիլիսի, մասնակցելու մայիսի 30֊31 վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին Վրաստան։ Ինչպես բազմիցս նշել եմ, պատրաստ եմ տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և փորձով ծառայել Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովուրդին, մեր միասնական ազգային և պետական շահերին», - գրել է նա:

Նա հավելել է, որ արտերկրում խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համատեղ աշխատանքը երբեք «չի կաշկանդելու իրեն ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր քաղաքական տեսակետները հայտնելուց»:

Մայիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:

Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: