30 մայիսի 2018 - 15:19 AMT
Ինչ սխեմայով են խոշոր սուպերմարկետները քիչ հարկ վճարել

Մայիսի 29-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ցանցային առևտրով զբաղվող խոշոր ընկերություններին օրենքի դաշտ վերադառնալու ժամանակ են տվել: Նա մասնավորապես ասել էր, որ հարկային մարմինների հետ այս ընկերությունների նախկին համաձայնություններն այլևս չեն գործում և, որ շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակում ՀԴՄ-ների տրամադրման պրոցեսին:

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը լրագրողներին պատմել է, թե ինչ համաձայնության մասին էր խոսքը, և ինչպես էին խոշոր սուպերմարկետները օրենքով նապատեսված 20 տոկոս հարկի փոխարեն, 5 տոկոսը վճարել:

Ըստ նրա, 2016 թվականին որոշ խոշոր սուպերմարկետներ պնդել են, որ կան ապրանքներ, որոնք հնարավոր չէ փաստաթղթավորել և, որ իրենք «անհավասար դաշտում են գտնվում շրջանառության հարկի դաշտում գործող կազմակերպությունների հետ» (օրենքն այս դաշտում գործող տնտեսվարող սուբյեկտներին թույլ է տալիս իրենց ձեռքբերումները չփաստաթղթավորել):

Ըստ ՊԵԿ փոխնախագահի, հաշվի առնելով այս հանգամանքը, դաշտում գործող տնտեսվարող սուբյեկտներին նախորդ կառավարությունը թույլ է տվել տարանջատվել մի քանի կազմակերպությունների, որոնց մի մասը գործել է շրջանառության հարկի դաշտում, մի մասը՝ ԱԱՀ-ի: Արդյունքում այս ընկերություններին հաջողվել է էապես թեթևացնել իրենց հարկային բեռը: