30 մայիսի 2018 - 18:33 AMT
ԱԱԾ-ն առևտրի 11 ցանցի կոչ է արել ինքնուրույն ներկայացնել չվճարած հարկերը

ԱԱԾ-ն հարկերի վճարումից խուսափելու նպատակով կեղծ ձեռնարկատիրություններ հիմնադրած ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր կազմակերպության առաջարկել է ինքնուրույն վերահաշվարկել չվճարված հարկերի չափը և համապատասխան տեղեկություններ տրամադրել նախաքննական մարմնին` վարույթի շրջանակում վնասի հատուցման հարցը լուծելու համար: Այս մասին գրում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից նկարագրված եղանակով գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռվել ցանցային առևտրով զբաղվող ևս 11 խոշոր կազմակերպության, ինչն ակնհայտորեն անբարենպաստ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել ավելացված արժեքի հարկով աշխատող, գյուղմթերք վաճառող բազմաթիվ այլ ընկերությունների համար:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել էր հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։ Ընկերությունը, արդյունքում, 8 մլրդ դրամի փոխարեն 800 մլն դրամ է վճարել: