31 մայիսի 2018 - 10:53 AMT
Փայլանը մտադիր է Հայաստան այցելել և հանդիպել Փաշինյանին

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մտադիր է առաջիկայում Հայաստան այցելել և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին նա ասել է Akunq.net-ին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ մտադիր է անել դա Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո:

Կարո Փայլանը նաև պատգամվորի թեկնածու է Դիարբեքիրից:

Փայլանը խոսել է նաև ՀՀ իր նախորդ այցի ժամանակ՝ 2017-ի սեպտեմբերին, Փաշինյանի և ԵԼՔ խմբակցության անդամների հետ հանդիպման մասին: «Այն ժամանակ նրանք իրենց համեստ կուսակցություն էին համարում: Սակայն ես նրանց ասացի, որ հետևում եմ իրենց կուսակցական ծրագրին, որը շատ նմանություններ ունի Ժողովրդադեմոկրատական կուսակցության ծրագրի հետ: Նաև ասացի, որ հաստատ հաջողելու են, և որ ես աջակցում եմ իրենց: Սակայն, իրոք, այն ժամանակ անգամ ես չէի սպասում, որ այսքան արագ հաջողության կհասնեն: Այցիցս 6 ամիս անց նրանք Հայաստանում անաղմուկ հեղափոխություն արեցին և չքավորների, ճնշվածների ձայնը փողոցներից, ժողովրդավարական փոփոխության քամով, տեղափոխեցին իշխանության ղեկ: Ծրագրում եմ շուտով, Թուրքիայում ընտրություններից անմիջապես հետո կրկին Հայաստան այցելել և դեմ առ դեմ հանդիպել պարոն Փաշինյանի հետ»,–ասել է Փայլանը:

Փայլանը նշել է նաև, որ Հայկական հարցի և, ընդհանրապես, բոլոր ժողովուրդների խնդիրների ուղղությամբ իր կուսակցության քաղաքականությունն ու դիրքորոշումը հստակ է. թե բոլոր ժողովուրդների` անցյալում ենթարկված ցեղասպանությունների և կոտորածների հետ առերեսվել, և թե ներկայիս քաղաքականության առումով` հավասարության սկզբունքի վրա հիմնված մի կենսակերպ հաստատել: «Մեր պայքարը հենց այդ ուղղությամբ է տարվում: Այս հարցում իմ կուսակցությունը ոչ մի «բայց» կամ «սակայն» չունի: Կուսակցությունս վարում է բոլոր ժողովուրդների եղբայրությունն ու հավասարությունը հաստատելու և անցյալի հետ առերեսվելու քաղաքականություն, որը շարունակելու ենք նաև հետագայում»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի մեջլիսի նախագահությունը մերժել է պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:Փայլանը 2018թ ապրիլի 20-ին Թուրքիայի մեջլիս էր ներկայացրել «1915 և դրանից հետո տեղի ունեցածը ցեղասպանություն ճանաչելու, մեղավորների անունները հասարակական վայրերից հանելու և տուժողներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհելու» մասին օրենքի նախագիծը: